Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

2017. Հինգ բառ, որ կբացատրեն Վլադիմիր Պուտինի քայլերը

2017. Հինգ բառ, որ կբացատրեն Վլադիմիր Պուտինի քայլերը
10.01.2017 | 11:00

Երբ ԽՍՀՄ-ը սկսեց ուշացումով վերաիմաստավորել իրեն 1980-ականներին, Միխայիլ Գորբաչովի ժամանակ, արևմտյան մամուլը լի էր մոդայիկ ռուսերեն բառերով՝ perestroika, glasnost և այլն, որ բացատրում էին Կրեմլի աշխարհընկալումը: Զարմանալի է, որ հիմա, երբ Պուտինի աստղը փայլում է, Ռուսաստանը թերթերի առաջին էջերից չի իջնում, կրեմլագետները մոռացել են ռուսերենը՝ Politico-ում գրում է Կիևում բնակվող ձեռներեց, ռուսական Playboy-ի նախկին գլխավոր խմբագիր Վիջայ Մախեշվարին: Այս 5 ռուսերեն բառերը բացատրում են՝ ինչ է անելու Պուտինը 2017-ին:


1. Վարկաբեկում (Kompromat)
Կոմպրոմատը ռուսերեն բառ է, որ նշանակում է հասարակական գործիչների մասին վարկաբեկիչ տեղեկատվություն: Սա Պուտինի սիրած թունավոր դաշույնն է իր պետության թշնամիների հետ պայքարում: Այս տարի Կրեմլից ավելի շատ կոմպրոմատի սպասեք: Աղմկոտ հաքերության և այլ «կեղծ նորությունների» օգնությամբ նա փորձելու է արևմտյան իրադարձությունները օգտագործել իր շահերով: Հավանական է նաև կոմպրոմատ Թրամփի դեմ, եթե հրաժարվի իրեն այնպես պահել, ինչպես պետք է Կրեմլին:


2. Վերականգնում (Restoration)
2000-ին գալով իշխանության՝ Պուտինը հայտարարեց, որ իր նպատակը Ռուսաստանի իրավունքների վերականգնումն է իբրև «մեծ տերության», նախկին սովետական կայսրության:


3. Վառ (Flamboyant)
Հանրահայտ է, որ Պուտինը Թրամփին անվանել է «վառ» նախընտրական արշավի ժամանակ: ԱՄՆ որոշ մեկնաբաններ սխալմամբ բառը թարգմանեցին իբրև bright (վառ՝ լույսի կամ գույնի մասին և խելացի՝ մարդու մասին), այսինքն՝ փոխանցեցին իբրև հաճոյախոսություն Թրամփի ինտելեկտին: Իրականում Պուտինը Թրամփին անվանել է flamboyant (կոլորիտային, էպատաժային): Երբ նա մամլո ասուլիսում արտաբերում էր այդ բառը, նրա սովորաբար բարեհոգի դեմքին քմծիծաղ հայտնվեց: Պուտինը ևս փառաբանվել է իբրև վառ մարդ՝ շնորհիվ իր ձիով ու մոտոցիկլով զբոսանքների: Նկարիչները Պուտինի ու Թրամփի ամուր տղամարդկային բարեկամությունը պատկերել են ջերմ համբույրով, սակայն երկուսի էլ վառ անհատականությունների պատճառով նրանց հարաբերությունները նման են լինելու բանդաների պայքարի, որ փորձելու են իրար հաղթել: Թե ինչ է մեզ սպասում 2017-ին, կարող է հուշել Թրամփի թվիթը ԱՄՆ-ի միջուկային ներուժի մեծացման մասին:


4. Մեր (Our)
Խորհրդային Միությունը աշխարհը բաժանում էր ազդեցության ոլորտների՝ «մեր» և «նրանց» մենթալիտետի, երբ իր դիրքերը ամրապնդող Ռուսաստանը ջանում է վերադարձնել «գերտերության» կարգավիճակը, «մերոնց» հայեցակարգը հատկապես նշանակալից դարձավ: Պուտինը և նրա գործակիցները համաշխարհային քաղաքականությանը նայում են Կրեմլի բանալու անցքից, Ռուսաստանը նրանց համար աշխարհի կենտրոնն է: Ռուսաստանին բարեկամաբար տրամադրված երկրները «մերն» են: Դա արդար է և նշանավոր մարդկանց ու միջազգային կազմակերպությունների դեպքում: ՖԻՖԱ-ն Ռուսաստանի համար «մերն» է, իսկ ՄՕԿ-ը՝ «նրանցը»:


5. Մոնղոլ-թաթարական լուծ (The Mongol yoke)
Ժամանակակից ռուսական (ուրեմն և պուտինյան) հոգեբանությունը հասկանալու համար առանցքային նշանակություն ունի թաթար-մոնղոլական լուծը, որի տակ էր Ռուսաստանը XIII- XVI դարերում: Որովհետև ռուսները 300 տարի եղել են մոնղոլների գաղութը և գոյություն են ունեցել իբրև «ճնշված» ազգ, նրանց մեջ խոր արմատավորվել է դրսից ներխուժման, գրավվելու վախը: Նապոլեոնի ու Հիտլերի համարյա հաջողված ներխուժումները միայն ուժեղացրին խոցելիության զգացումը: Թեպետ Ռուսաստանը աշխարհի ամենամեծ երկիրն է, չափազանց սուր վերաբերմունք ունի իր սահմանների նկատմամբ և վախենում է անվտանգության համար: Այստեղից էլ ագրեսիվ հակակրանքը ՆԱՏՕ-ի նկատմամբ, որ Ռուսաստանն ընկալում է իբրև սպառնալիք իր գոյությանը:
Վիջայ ՄԱԽԵՇՎԱՐԻ, Politico


Հ.Գ. Իսկ ի՞նչ անեն նրանք, որ համարվում են «մերը», իսկ վերաբերվում են իբրև «նրանց»: Համենայն դեպս՝ և կոմպրոմատներ են եղել ու կլինեն, և «վերականգնումի» ԵԱՏՄ-ական ու ՀԱՊԿ-ական պարտադրումներն են եղել, և «մեր» ու «նրանցի» միջև մշտապես տարբերություն չդնելը, և «վառ»-ի վառ դրսևորումներ ենք տեսել, իսկ մոնղոլ-թաթարական լուծը ուսումնասիրել է անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը: Շատ արդիական թեմա են Պուտինի հինգ հասկացությունները, հատկապես այն երկրների համար, որ պատրաստվում են ընտրությունների:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1853

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ